Մթնոլորտի կազմը և կառուցվածքը

1. Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված:

Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը մեր մոլորակի ամենավերին, ամենաթեթև և միաժամանակ՝ ամենաշարժունակ ոլորտն է: Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը եր­կուսն են՝ ազոտը (մոտ 4/5 մաս) և թթվածինը (մոտ 1/5 մաս): Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր: Բացի գազերից՝ մթնոլորտում կան նաև ջրային գո­լորշիներ, սառցե բյուրեղներ, փոշի և ծուխ:

2. Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից:

Գազերի մոլեկուլները (ատոմները) Երկրից շատ հեռու երբեք չեն ցրվում-հեռանում, որովհետև վերջի­նիս ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը: Այս ուժի շնորհիվ է, որ մթնոլորտի խիտ շերտը և հիմնական զանգվածը գտնվում են Երկրի մակերևույթին մոտ: Ուստի, ըստ բարձրության օդի խտությունը և զանգվածը նվազում են:

3. Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը:

Մթնոլորտի վերին սահմանը հասնում է մինչև 3000կմ, այն արտաքին ոլորտն է:

4. Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում:

Ըստ բարձրության՝ իրար են հաջորդում հետևյալ հիմնական շերտերը. ներքնոլորտ, վերնոլորտ և ար­տաքին ոլորտ:

5. Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը:

Ներքնոլորտը մթնոլորտի ամենաստորին և, միաժամանակ՝ ամենակարևոր շերտն է: Ներքնոլորտի հաստությունը բևեռային շրջաննե­րում 8-10 կմ է, իսկ հասարակածային լայնություննե­րում՝ 17-20 կմ: Այստեղ է կենտրոնացած մթնոլորտի ամբողջ զանգ­վածի մոտ 4/5 մասը: Ներքնոլորտում են առաջանում ամպերը, անձրևը, ձյունը, կարկուտը, կայծակն ու ամպերը։ Վերնոլորտը տարածվում է ներքնոլորտից վեր՝ մինչև 50-55 կմ բարձրությունները: Այս­տեղ օդն ավելի նոսր է, ջրային գոլորշի­ների պարունակությունն աննշան է, իսկ ամպեր գրեթե չեն գոյանում:

6. Ի՞նչ դեր ունի օզոնի շերտը:

Վերնոլորտում՝ մոտ 25-30 կմ բարձրությունների սահ­մանում, գտնվում է օզոնային շերտը: Այս շերտը կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթները: Արտաքին ոլորտը մթնոլորտի ամենաբարձր ու ամե­նահաստ շերտն է: Այս շերտի վերին սահմանը հասնում է 2000-3000 կմ, այսինքն՝ մթնոլորտի վերին սահմանին:

Թողնել մեկնաբանություն