Արվեստասեր արքայուհին. Մլքե թագուհի

Վասպուրականի Արծրունյաց թագավորության Մլքե թագուհին էր, որ սիրում էր գրչություն և ծաղկելու արվեստը։ Նա Սմբատ առաջինի եղբոր՝ Շապուհ Բագրատունու դուստրն էր՝ Թամար անունով։ Ամուսնանալով Բագրատունյաց դարաշրջանի ամենահզոր արքաներից Գագիկ Արծրունու հետ, Թամարն, արդեն որպես Հայոց թագուհի, ստանում է Մլքե անունը։ Ինչպես մյուս հայ ազնվական կանայք, Մլքե թագուհին ևս դեռ մանկուց տիրապետում էր արվեստի մի քանի ճյուղերի։ Արծրունյաց տիկնոջ օրը հագեցած էր տարատեսակ զբաղմունքներով։

Մլքեն, դառնալով Վասպուրականի առաջին թագուհի, մասնակցել է երկրի կառավարմանը և միջպետական հարաբերությունների ձևավորմանն ու կարգավորմանը։ Մասնակցել է նաև քաղաքաշինության՝ մասնավորապես եկեղեցաշինության գործերին։ 915 թվականին Վանա լճի հարավում՝ Աղթամար կղզում սկսվում է նոր եկեղեցու կառուցման իրականացումը, որը տևում է շուրջ վեց տարի և ավարտին է հասնում 921 թվականին։ Եկեղեցին օծվեց Սուրբ Խաչ անվանակոչությամբ։ Այն կառուցվեց ճարտարապետ Մանուելի ղեկավարությամբ։ Կառույցի արևմտյան ճակատին քանդակված է թագավոր Գագիկ Արծրունին, ձեռքին բռնած եկեղեցու մանրակերտը, իսկ տաճարի պատին՝ Թամար (Մլքե) թագուհին։

Մլքե թագուհու ժամանակ պալատում գտնվել է Ավետարան, որը պատկերազարդվել էր դեռ 862 թվականին։ Որոշ պատմաբաններ այն կարծիքին են, որ այդ Ավետարանը, գրված մագաղաթի վրա, Գագիկ թագավորի պալատ է բերվել նրա առաջին կնոջ կողմից որպես օժիտ։ Ավետարանն ունի նկարազարդ խորաններ, դիմանկարներ։ Մլքե թագուհին այն խնամքով պահպանել և հանձնել է Վարագավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն՝ ապահով պահպանության և եկեղեցական օգտագործման համար։ Ավետարանը անվանվում է «Մլքե թագուհու ավետարան», որովհետև այն առևանգվել է և, Մլքե թագուհու կողմից փրկագին վճարվելով՝ վերադարձվել։ 1830 թվականին այն ձեռք է բերում Գրիգոր Ներսեսյանցը։ Նա Ավետարանը, որպես Սուրբ գիրք, հասցնում է Վենետիկ և նվիրաբերում Մխիթարյան միաբանությանը, որի մատենադարանում էլ հանգրվանում է մինչև օրս։ Կարծիք կա, որ ժամանակին Ավետարանը նկարազարդվել է Անի քաղաքում։

Ստեղծարար հայ ազգը հենց այս շրջանում կերտեց արժեքներ, որոնք հաղթեցին կրակին ու սրին։ Հայկական մանրանկարչության ոչ մի դպրոց չի կարող համեմատվել Վասպուրականի հետ։