Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգստթոն ճայը». Մաս առաջին

Իմ կարծիքով՝ ամենաիմաստալի հատվածները առաջին մասից

Ճայերն, ինչպես գիտեք, երբեք չեն երերում եւ երբեք կանգ չեն առնում։ Օդում կանգ առնելը նրանց համար ամոթ է ու խայտառակություն։

Բայց Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը չէր ամաչում, այլ կրկին լարում էր թեւերը՝ պահելով դրանք կորագծի դժվարին, դողացող դիրքում, դանդաղում էր, ավելի դանդաղում եւ նորից կանգ առնում․ նա սովորական թռչուն չէր։

***

Ճայերի մեծ մասի համար էականը թռիչքը չէ, այլ կերը։ Իսկ այս ճայի համար էականը կերը չէր, այլ՝ թռիչքը։

***

— Թող որ փետուր ու ոսկոր դառնամ, մայրիկ, ես ուզում եմ իմանալ, թե ինչ կարող եմ անել օդում եւ ինչ չեմ կարող, ահա եւ բոլորը, ես միայն ուզում եմ իմանալ։

***

Քիչ առաջվա նրա երդումներն իսպառ մոռացված էին ու հեռու քշված քամու հուժկու թափի հետ։ Դրանց խախտելը նա ամենեւին էլ մեղք չէր համարում։ Այդպիսի վճիռներն այն ճայերի համար են միայն, որոնց բավարարում է շարքային լինելը։ Նրա համար, ում միտքն առնչվում է կատարյալին, նման բաները նշանակություն չունեն։

***

Ձկնորսանավերի ու ափի արանքում միապաղաղ կերպով քարշ գալու փոխարեն մեր կյանքն այժմ իմաստ կունենա։ Մենք կարող ենք բարձրանալ տգիտությունից, կարող ենք դառնալ խելամիտ, հմուտ ու կատարյալ արարածներ։ Մենք կարող ենք լինել ազատ, կարող ենք սովորել թռչել։

***

…ո՞վ է ավելի պատասխանատու զգում, քան այն ճայը, որը հետամուտ է գտնելու կյանքի իմաստը, նրա բարձրագույն նպատակը։ Հազարավոր տարիներ ի վեր մենք չափչփում ենք ծովը՝ ձկան գլուխ որոնելով, բայց այժմ մեր կյանքն իմաստ կունենա՝ սովորել, հայտնագործել, լինել ազատ։

***

Մենակությունը չէ, որ տխրեցնում էր նրան, այլ այն, որ ճայերը չուզեցին հավատալ թռիչքի հրաշքին, այն վեհ կյանքին, որ իրենցն էր լինելու, չուզեցին բացել աչքերը եւ տեսնել։

***

Ջոնաթանը հասկացավ, որ ձանձրույթից, վախից ու չարությունից է որ ճայերն այդքան քիչ են ապրում, ու երբ այդ ամենը չքացան նրա հոգուց, նա երկար, իսկապես երջանիկ կյանք ապրեց։

Թողնել մեկնաբանություն