Ճամփորդություն դեպի Սևաբերդ

Հունվարի 15-ին մենք մեր ջոկատով գնացինք Սևաբերդ՝ սահնակ քշելու։ Ամենասկզբից էլ արդեն ոգևորված էինք, որովհետև քաղաքում ձյուն հազվադեպ է գալիս և քիչ։ Իսկ այստեղ գյուղն ամբողջությամբ ճերմակով էր ծածկված։

Տեղ հասնելով՝ միանգամից գնացինք սահնակ քշելու։ Երկու-երկու սահում էինք, մի լավ զվարճանում։ Իրականում, սահնակ այդքան էլ շատ չսահեցինք ես և իմ ընկերները։ Մի քանի անգամ սահելուց հետո ձնագնդի սկսեցինք խաղալ։ Մենք մի փոքր հեռվացել էինք մեր ջոկատից և այնտեղ, որտեղ խաղում էինք, ձյունն արդեն մեր ծնկներից էր։

Երկար խաղալուց հետո, հասկացանք, որ արդեն չենք զգում մեր ոտքերն ու ձեռքերը։ Որոշեցինք արդեն հետ դառնալ և ճիշտ ժամանակին էլ գնացինք, որովհետև ջոկատն արդեն պատրաստվում էր գնալ։ Ճիշտ է, մենք ամբողջությամբ թրջվել էինք, բայց կարևորը լավ ժամանակ էինք անցկացրել։ Իսկ վերադառնալուց տաք թեյ խմեցինք։

Ահա այսպիսի ձմեռային լավ օր ունեցանք։

Թողնել մեկնաբանություն