Բարեկենդանի մասին

Հայերի մեջ Բարեկենդանը ամենասպասված ու ժողովրդական տոներից մեկն էր։ Տոնին պատրաստվում էին ընտանիքի բոլոր անդամները՝ առանց բացառության։ Մարդիկ զվարճանում էին, տրվում խրախճանքին ու պատրաստում ճոխ սեղաններ։ Նախապատվությունը տրվում էր հատկապես մսեղենին, յուղոտ կերակրատեսակներին ու կաթնեղենին։

Բարեկենդանի առաջին օրերին ընդունված էր պատրաստել գաթա ու հալվա։ Երեկոյան ուտում էին կաթնապուր ու մածուն։ Պատրաստում էին նաև փաթիլա, սըռոն և բխբխիկ կոչվող ճաշատեսակները։ Որոշ տեղերում նախապատվությունը տրվում էր ձավարով կամ համեմունքներով լցոնած խորոված ոչխարին։ Պարտադիր ճաշատեսակը խաշիլն էր, որը պատրաստվում էր մեծ քանակությամբ։

Բուն բարեկենդանի օրը ընդունված էր երեկոյան խաշած ձու ուտել՝ այդպիսով փակելով խրախճանքը։

Հրապարակներում կազմակերպվում էին տարատեսակ խաղեր, պարեր, թատերական ներկայացումներ և դիմակահանդեսներ։

Բարեկենդանը բացի կերուխումից ու խրախճանքից նաև ազատության օր էր։ Պատահական չէ, որ այդ օրը վանքերում անվանում էին «Աբեղաթող» («աբեղա» և «թողուլ»` թողնել, արձակել բառերից)։ Այսինքն՝ այդ օրը աբեղաներն ազատվում էին վանական խիստ կյանքի օրենքներից։

Բուն Բարեկենդանի նախորդող օրը ժամերգության ընթացքում եկեղեցու խորանի վարագույրը քաշվում է, խորանը ծածակվում մինչև քառասունօրյա պասի ավարտը։

Պասի ժամանակ մատուցվում է փակ պատարագ։ Ամուսնություններ տեղի չէին ունենում, արգելվում էր մատաղ անել։

Թողնել մեկնաբանություն