Կենսոլորտ. նրա բաղադրիչները

1. Ի՞նչ է կենսոլորտը, ի՞նչ ոլորտներ է ընդգրկում:

Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն ընդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար:

2. Որո՞նք են կենսոլորտի հիմնական բաղադրիչները:

Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: Սակայն, բույսերից և կենդանիներից բացի՝ կան նաև այլ կենդա­նի օրգանիզմներ: Մի մասը շատ փոքր է՝ անզեն աչքով անտեսանելի: Դրանք մանրէներն են՝ հիմնականում բակտերիաները: Մյուս մասը սնկերն են: Մանրէները և սնկերը ևս կենսոլորտի հիմնական բաղադրիչներ են:

3. Թվարկեք կենդանի օրգանիզմների թագավորությունները: Ո՞ր թա­գավորությունում է դասվում մարդը:

Կենդանի օրգանիզմների թագավորություններն են բույսերը, կենդանիները, մանրէները և սնկերը։ Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։

4. Տարբեր նյութերի հետ կենդանի օրգանիզմների փոխազդեցության ի՞նչ օրինակներ գիտեք:

Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևել, նրանք փոխազդում են տարբեր մարմինների և նյութերի հետ: Այդ նյութե­րից է, օրինակ, թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասը շնչում է: Կենդանի օրգանիզմների համար շատ մեծ դեր ունեն ջուրը և հանքային նյութերը: Բույսերն աճում են հողում: Նավթը և գազը հանածոներ են, ո­րոնք ունեն շատ մեծ նշանակություն մարդու կյանքում:

5. Կենսոլորտում ի՞նչ գործառույթներ են իրականացնում կենդանի օրգանիզմները:

Կենսոլորտը մի ուրույն ամբողջություն է, բարդ համակարգ, որտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքը, որն իրակա­նանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Շատ նյութեր, օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազը, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ: Տեղի է ունենում նյութերի մի շրջապտույտ:

6. Ուշադիր դիտարկեք տեղանքը, շրջակա միջավայրը: Ի՞նչ գիտեք այդ միջավայրի պայմանների մասին: Թվարկեք և նկարագրեք շրջապատի կենդանի օրգանիզմները, բույսերը և կենդանիները: Ի՞նչ գիտեք այդ օրգանիզմների մասին:

Երևանը գտնվում է բարեխառն գոտու ցամաքային հատվածում, շրջապատված լեռներով ու լեռնաշղթաներով։ Երևանի կլիման անապատա–կիսաանապատային բնույթի է. տարեկան տեղումների քանակը՝ սակավ, շոգ ու չոր ամառներով, ցուրտ ու չոր ձմեռներով։ Ջրային հիմնական աղբյուրը լեռնային գետերն են։ Դրանց շնորհիվ Արարատյան դաշտի բնակչությունը ստեղծել է այգիներ ու ցանքատարածություններ՝ վերակենդանացնելով այդ տարածքները։ Վերջին դարի ընթացքում իրավիճակը փոխվում է. ավելի կանոնավոր ոռոգման համակարգը թույլ է տալիս ընդլայնել կանաչ տարածքները, հիմնել մայրաքաղաքին վայել այգիներ ու պուրակներ։ Քաղաքին նոր շուք են տալիս բուսաբանական ու կենդանաբանական այգիները։ Կանաչապատվել են նաև բակային տարածքները, տնկվել են հիմնականում բարդի և կաղնի, ինչպես նաև պտղատու ծառեր։ Երևան են բերվել նաև եղևնիներ ու սոճիներ։ Բազմազան է դարձել կենդանական աշխարհը, քաղաքային կյանքին սովոր բազմապիսի թռչուններ են հայտնվել Երևանում։ Կենդանիներից տարածված են օձերը, շատ են մողեսները, ինչպես նաև միջատները՝ մորեխները, ուտիճները, մրջյուններն ու կարիճները։

7. Բնապահպանական ի՞նչ խնդիրներ գիտեք:

Երևանը Հայաստանի խոշորագույն արդյունաբերական, տնտեսական և միևնույն ժամանակ վարչական կենտրոնն է, որում կենտրոնացած է արդյունաբերական ձեռնարկությունների 41.2%-ը:
Երևանի, ինչպես մյուս խոշոր քաղաքների համար օդային ավազանի աղտոտման վերաբերյալ պարբերաբար ուսումնասիրություններ են կատարվում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Երևանի մթնոլորտային օդի որակի վրա ազդող հիմնական գործոններն անշարժ և շարժական (ավտոտրանսպորտ) աղտոտման աղբյուրների արտանետումներն են։ Մայրաքաղաքի օդային ավազանում գերակշռում են 4 վնասակար նյութեր՝ փոշի, ազոտի և ածխածնի օքսիդներ, ծծմբային անհիդրիդ։ Երևանի մթնոլորտի վրա վնասակար ներգործություն ունեն հատկապես «Երևանի ՋԷԿ», «Մաքուր Երկաթ», «Գաջի», «Ասֆալտագործ», «Նաիրիտ» գործարանները։ Վնասակար արտանետումների ծավալները նվազեցնելու նպատակով 2002 թվականից արգելվել է կապար պարունակող բենզին ներկրելը մայրաքաղաք։ 2005 թվականից ՀՀ-ում ուժի մեջ է մտել նաև Կիոտոյի արձանագրությունը, որով կարգավորվում են ջերմոցային գազերի արտանետման չափաքանակները։ 2005–2008 թվականներին իրականացվել է նաև կենցաղային կոշտ թափոնների վերամշակման, վնասազերծման և ոչնչացման ծրագիր։

Թողնել մեկնաբանություն