Ջրոլորտի պահպանությունը: Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը

1. Ի՞նչ նպատակով է օգտագործվում ջուրը երկրագնդի վրա:

Գետերի ու քաղցրահամ լճերի ջուրն օգտագործում են ոռոգման, կո­մունալ կենցաղային նպատակներով: Մեծ քանակությամբ ջուր օգտա­գործվում է նաև արդյունաբերության տարբեր ճյուղերի համար: Գետերի վրա կառուցվել են բազմաթիվ էլեկտրակայաններ, որոնք բնակչությանն ապահովում են էլեկտրաէներգիայով: Օվկիանոսներն ու ծովերը ծառայում են մարդուն նավարկության հա­մար, ինչպես նաև սննդի և բազմաթիվ օգտակար հանածոների շտեմա­րան են:

2. Ինչո՞վ են աղտոտված երկրագնդի ջրերը:

Մարդու տնտեսական գործունեության հետևանքով այսօր ջրային ա­վազանները, այդ թվում՝ Համաշխարհային օվկիանոսը, աղտոտված են: Հատկապես մեծ չափերի է հասնում օվկիանոսների աղտոտումը տար­բեր տեսակի նավթամթերքների արտանետումներից և գետերի բերած աղ­տոտված ջրերից: Երկրագնդի վրա բազմաթիվ գետեր աղտոտված են արդյունաբերա­կան ձեռնարկություններից կատարվող արտանետումներով, կոյուղաջրե­րով, գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերով ու թու­նաքիմիկատներով: Առանձին գետերում ջուրը նույնիսկ թունավոր է և օգ­տագործման համար ոչ պիտանի:

3. Ջրային ավազաններն աղտոտումից պահպանելու համար ի՞նչ աշ­խատանքներ են կատարվում:

Ջուրն ունի մի հիանալի հատկություն. դա ինքնամաքրման ունակու­թյունն է, որը կատարվում է աստիճանաբար՝ ջուրը հոսելու ընթացքում: Սակայն չափից ավելի աղտոտման դեպքում ջուրն այլևս չի կարող ինքնամաքրվել: Դա վերաբերում է հատկապես փոքր գետերին: Այս դեպքում մարդու միջամտումն այդ գործին դառնում է անխուսափելի, այլապես՝ քաղցրահամ ջրի խիստ պակաս կլինի: Ուստի, պետք է ջրային պաշարները պաշտպանել հետագա աղտոտու­մից: Պետք է դադարեցնել կեղտաջրերի հոսքը դեպի ջրային ավազաններ: Այս ուղղությամբ հսկայական աշխատանքներ են կատարվում տար­բեր երկրներում: Հատկապես տնտեսապես զարգացած երկրները մեծ մի­ջոցներ են ծախսում արտանետված կեղտաջրերը մաքրելու համար: Կա­ռուցում են ջրամաքրման կայաններ: Բոլոր խոշոր քաղաքներն ունեն ջրա­մաքրիչ կայաններ, այդ թվում՝ Երևանը:

4. Ո՞րն է քաղցրահամ ջրի հիմնախնդիրը:

Մարդուն պիտանի քաղցրահամ ջրի ընդհանուր ծավալը մեր մոլորակի վրա չնչին է: Սակայն այս չնչին ծավալը չէ, որ մտահոգում է մարդուն, այլ այն, որ ցամաքի վրա քաղցրահամ ջուրը բաշխված է խիստ անհավասարաչափ և, ինչպես գիտենք՝ բավա­կանին աղտոտված է: Աշխարհի շատ երկրներում քաղցրահամ ջրի «սով» է, որը պատճառ է դառնում բազմաթիվ հիվանդությունների, խլում մարդկային կյանքեր:

5. Քաղցրահամ ջրի հիմնախնդրի լուծման ի՞նչ ուղիներ գիտեք:

Քաղցրահամ ջրի հիմնախնդրի լուծման ուղիներից է նաև օվկիանոսի ջրի աղազերծումը և օգտագործումը: Աշխարհի մի շարք երկրներում ար­դեն կառուցվել են օվկիանոսի ջրի աղազերծման կայաններ: Հիմնախնդրի մեղմման համար առաջարկում են նաև այսբերգների տեղափոխումը, հա­լեցումը և օգտագործումը:

One thought on “Ջրոլորտի պահպանությունը: Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը

Թողնել մեկնաբանություն